«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«ԼՂՀ-ին ծառայելը և փոքր-ինչ աջակցելը յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է»

«ԼՂՀ-ին ծառայելը և փոքր-ինչ աջակցելը  յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է»
17.11.2015 | 01:30

Նոյեմբերի 2-ից ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը: Այս անգամ լրատվական դաշտը «ցնցել» էր նրան ԼՂՀ-ում պաշտոնի նշանակելու մասին տեղեկությունը: Որոշ լրատվամիջոցներ առանց վարանելու եզրակացնում էին, թե սահմանադրական բարեփոխումների սկզբնական փուլում բավականին ակտիվ դիրքորոշում ցուցաբերած Իսագուլյանի ներկայիս «քաղաքական պասիվությունը» կամ «լռությունը» պայմանավորված են հիշյալ հանգամանքով: ՀՀ քաղաքական ու լրատվական դաշտերին հուզող այս և մի քանի այլ հարցերի շուրջ է զրույցը ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ։

-Խախտենք Ձեր երկարատև (երկամսյա) լռությունը. փորձեք շաղկապել կամ հերքել ԼՂՀ-ում Ձեզ պաշտոնի նշանակելու և հիշյալ հանգամանքով պայմանավորված ներհայաստանյան քաղաքական կյանքում պասիվություն դրսևորելու իրողությունն ու այդ առնչությամբ մամուլով շրջանառվող լուրերը։
-Որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ինձ նման առաջարկություն արել է, ընդ որում՝ ոչ մեկ անգամ, փաստ է։
-Ասել է՝ ԼՂՀ նախագահի և Ձեր անձնական հարաբերությունները…
-…մեր հարաբերությունները բավականին ջերմ են և ունեն ոչ մեկ տասնամյակի պատմություն։ Նաև հավելեմ՝ «Իրատեսի» Վրեժ Առաքելյանին ու հայաստանյան լրատվադաշտին «հուզող» հարցը քննարկվել է նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ Քաջ գիտակցելով, որ Հայրենիքին, նույնն է թե՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ծառայելն ու որևէ կերպ, թեկուզ և փոքր-ինչ աջակցելը յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է, ես պատրաստակամ եմ լծվելու ցանկացած գործի՝ առանց որևէ ակնկալիքի։
-Ձեր բառերը ստիպում են ենթադրել՝ քննարկումներից հետո Գառնիկ Իսագուլյանը որևէ պաշտոն չի զբաղեցնելու:
-Որպեսզի պարզաբանվեն բոլոր կարգի ավելորդ խոսակցություններն ու ենթադրությունները, Ձեր հարցմանն այսպես կպատասխանեմ. քննարկումների վերջնական արդյունքում հարցը ստացավ շատ պարզ լուծում, այն է՝ թող տարօրինակ չթվա, ստանձնել ոչ թե պաշտոն, այլ պարտավորություն՝ իրականացնելու որոշակի գործառույթներ, որոնք կդրվեն իմ առջև, ինչպես նաև հնարավորությունների սահմաններում ԼՂՀ ղեկավարությանը ներկայացնել առաջարկություններ ու ծրագրեր։
-Այդ ամենը, սակայն, ենթադրում է որոշակի կարգավիճակ, ուրե՞մն…
-Այդ ամենն իրականացնելու համար միանգամայն ընկալելի է ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատուի կարգավիճակը։
-Պետք է ենթադրել, որ այլևս ակտիվություն չե՞ք ցուցաբերելու հայաստանյան ներքաղաքական գործընթացներում։
-Որպես ՀՀ քաղաքացի և «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, բնականաբար, ես չեմ կարող անմասն մնալ հայաստանյան քաղաքական կյանքից, և այս առումով իմ ակտիվությունը չի պակասելու։ Մյուս կողմից՝ պետք է ազնվորեն խոստովանել, որ ԼՂՀ-ում ընթացող գործընթացների վերաբերյալ շատ քիչ է հանրային տեղեկացվածությունը ոչ միայն Հայաստանում, այլև հայկական սփյուռքում։ Իսկ այդ գործընթացները, հաշվի առնելով այն պայմանները, որոնց մեջ գտնվում է ԼՂՀ-ն, աննախադեպ են և օրինակելի։ Ես պատիվ ունեցա վերջին երկու ամիսների ընթացքում էլ ավելի խորամուխ լինելու ԼՂՀ-ում առկա որոշ ցուցանիշների մեջ:
-Եթե կարելի է՝ ավելի ստույգ:
-Խնդրեմ՝ պետականաշինության, պաշտպանական, անվտանգության, տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիկ, գյուղատնտեսական հարցեր և այլն, և այլն: Առաջընթացը ակնառու է, զարգացման տեմպերը՝ հուսադրող։ Այս ամենը անհրաժեշտ է ճիշտ ներկայացնել հասարակությանը և թույլ չտալ, որ ԼՂՀ-ի խնդիրը արծարծման առարկա դառնա քաղաքական շահաբաժին ստանալու համար։
-Բայց փաստ է՝ ՀՀ-ում դեռևս ամենաշատը շահարկվում է հենց ԼՂՀ խնդիրը, անկախ այն հանգամանքից, թե ինչ ներքաղաքական գործընթացներ են ընթանում։
-Այդ առումով կանեմ մի քանի սկզբունքային դիտարկումներ, որոնք տարբեր առիթներով հնչեցրել եմ։
Հայաստանը միշտ ԼՂՀ-ի կողքին է, բայց ոչ ԼՂՀ-ի փոխարեն։ Այդպես էր թե՛ ղարաբաղյան հակամարտության արդի փուլի սկզբում՝ սկսած 1988-ից, թե՛ ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում (1991-1994 թթ. ռազմական գործողությունները), ինչը շարունակվել է նաև 1994 թ. մայիսին երեք կողմերի միջև ստորագրված զինադադարից հետո մինչ օրս ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
1994 թ. ԼՂՀ անմիջական մասնակցությամբ ձեռք բերված զինադադարի պահպանումը հնարավոր չէ առանց ԼՂՀ զինված ուժերի։ Հակամարտության գոտում բացակայում է այն արտաքին ուժը, որն իր ռեսուրսներով կիրականացներ զինադադարի ապահովումը և հակամարտության կողմերին զերծ կպահեր ինտենսիվ և լայնածավալ մարտական գործողություններից։ Տարածաշրջանում առավել մարտունակ ԼՂՀ բանակի առկայությունը դարձավ այն անհրաժեշտ տարրը, որն ապահովեց հակամարտության գոտում խաղաղարար առաքելության տեսքով արտաքին զինուժերի ներգրավվածության բացառումը։
Մինչև Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի ծավալումը ԼՂ նախնական սահմանների շուրջ ձևավորվել է տարածական գոտի՝ Դաշտային Ղարաբաղի վերահսկվող տարածքների տեսքով (պատմական հայկական Արցախի տարածք)։ Տվյալ տարածքը ԼՂ-ի կողմից վերահսկվում է՝ հաշվի առնելով սեփական անվտանգության ապահովումը և հակամարտության սրման համար ագրեսորին պատժելու անհրաժեշտությունը։ Այդ տարածքի կարգավիճակը որոշված է ԼՂՀ Սահմանադրությամբ՝ որպես «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ փաստացի գտնվող տարածքներ» (հոդված 142)։
Աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական տեսանկյուններից Կովկասում անվտանգության ու խաղաղության պահպանման համար որպես անփոխարինելի «նյութական» ռեսուրս ծառայելու առումով, այս տարածքների յուրատիպությունն ընդհանուր առմամբ աննախադեպ է։ Ավելին, ակնհայտ է, որ արտաքին ուժերի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտին տարբեր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նախագծերում ընդգրկելու իրողությունը պայմանավորված է հենց այդ տարածքների առկայությամբ, իսկ ավելի ճիշտ՝ հայկական զինված ուժերի կողմից դրանց վերահսկմամբ։
Ղարաբաղյան հակամարտության գոտում ձևավորված ռազմաքաղաքական հավասարակշռության յուրատիպությունն այն է, որ ժամանակակից աշխարհի այնպիսի անփոխարինելի արժեքի համար, ինչպիսին անվտանգությունն է, ԼՂՀ-ն ոչ թե սպառող է, այլ արտադրող։ Կարևոր է ընդգծել, որ աշխարհի քաղաքական քարտեզում 2008 թ. որոշ սահմանափակումներով ճանաչված բոլոր նոր պետականությունները կան և շարունակում են մնալ անվտանգության սպառողներ։ Իր դեֆակտո գոյության հենց սկզբից ԼՂՀ-ն հանդես էր գալիս որպես անվտանգության տարածաշրջանային արտադրող, որը 1991-1994 թթ. ինտենսիվ ու լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում կանգնեցրել էր Ադրբեջանի ագրեսիան և, հիմնվելով սեփական բանակի և Դաշտային Ղարաբաղի տարածքների վրա, շարունակում է ապահովել անվտանգությունը տարածաշրջանում։ Այս համատեքստում վերջիններս հանդես են գալիս որպես ռազմական գործողությունները չվերսկսելու և հակամարտության գոտում պոտենցիալ ագրեսորի կողմից զինադադարի ինտենսիվ «ապասառեցումից» զերծ պահելու երաշխիքներ։


Զրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ